Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կլիմայի փոփոխության մարտահրավերը և արդի համաշխարհային սպառնալիքները չեն ճանաչում ոչ ազգային սահմաններ, ոչ միջազգային իրավունք

Կլիմայի փոփոխության մարտահրավերը և արդի համաշխարհային սպառնալիքները չեն ճանաչում ոչ ազգային սահմաններ, ոչ միջազգային իրավունք
01.12.2015 | 10:21

Նախագահ Սերժ Սարգսյանը Փարիզում մասնակցել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ պետությունների 21-րդ համաժողովին, որի նախագահությունը ստանձնել է Ֆրանսիան: Համաշխարհային համաժողովին մասնակցել են 150 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, հազարավոր պատվիրակներ: Աննախադեպ մասնակցությամբ բարձր մակարդակի փարիզյան համաժողովի պատվիրակությունները մինչ օրակարգին անցնելը մեկ րոպե լռությամբ հարգել են նոյեմբերի 13-ին փարիզյան ահաբեկչության զոհերի հիշատակը: Ողբերգական իրադարձություններից հետո աշխարհի բազմաթիվ երկրների և կառավարությունների ղեկավարների ներկայությունը փարիզյան համաժողովին, կազմակերպիչների համոզմամբ, ապացուցում է, որ քաղաքակրթությունը և համերաշխությունը համայն մարդկությանը նետված մարտահրավերները դիմակայելու հարցում բարբարոսությունից ուժեղ են:
Համաժողովի բացման իրենց խոսքում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, համաժողովը նախագահող Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Մեծ Բրիտանիայի արքայազն Չառլզը և հետագայում այլ ելույթ ունեցողներն ընդգծել են կլիմայի փոփոխության մասին 21-րդ համաժողովի կարևորությունը Երկիր մոլորակի և ամբողջ մարդկության ապագայի համար, նշելով, որ այսօր աշխարհի բոլոր ծայրերից մարդկանց հայացքներն ուղղված են Փարիզին, որտեղից ակնկալում են մարդկությանը մտահոգող լրջագույն մարտահրավերի` կլիմայի կործանարար փոփոխության վերաբերյալ քննարկումների արդյունքում առանց հապաղելու բեկումնային որոշման կայացում: Ելույթ ունեցողները համակարծիք են եղել, որ դեկտեմբերի 11-ին համաժողովի ամփոփիչ համաձայնագիրը միայն բարի մտադրությունների արձանագրություն չպետք է լինի. երկրների ղեկավարներն իրենց ելույթներով քաղաքական հստակ և ուժեղ ազդակներ պետք է հաղորդեն, որ Երկրի վրա մարդկության անվտանգ ապագան այլընտրանք չունենա:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթի սկզբում շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին` կլիմայի փոփոխությանը նվիրված գագաթնաժողովը գերազանց կազմակերպելու և հյուրընկալելու համար՝ չնայած մի քանի օր առաջ Ֆրանսիային և ողջ քաղաքակիրթ մարդկությանը պատուհասած ահաբեկչական գործողություններին: Կլիմայի փոփոխությունը գլոբալ մարտահրավեր համարելով՝ նա ընդգծել է, որ այն հավասարապես սպառնում է բոլոր պետություններին՝ անկախ չափից և զարգացման աստիճանից: Չնայած Հայաստանի մասնաբաժինը համամոլորակային արտանետումներում մեծ չէ և չի գերազանցում երկու հարյուրերորդական տոկոսային միավորը, Հայաստանը կարևորում է այս հարցում բոլոր երկրների ջանքերը համատեղելու անհրաժեշտությունը և որպես զարգացող երկիր՝ հանձնառություն է ստանձնել իր ներդրումն ունենալ համամոլորակային ջանքերում:
«Հայաստանի ազգային դիրքորոշումը արտահայտված է մեր կառավարության հաստատած՝ «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություններ» փաստաթղթում, որի հիմքում ընկած են հետևյալ սկզբունքները.
Առաջին. ջերմոցային գազերի գլոբալ արտանետումները պետք է սահմանափակել այնպիսի մակարդակում, որ մթնոլորտի գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը չգերազանցի երկու աստիճանը:
Երկրորդ. պետք է որդեգրել «ընդհանուր, սակայն տարբերակված մոտեցում»՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության մեջ երկրների ներկա ու պատմականորեն տարբեր պատասխանատվությունը:
Երրորդ. ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման բեռի բաշխումը պետք է իրականացնել՝ հաշվի առնելով կլիմայական ռեսուրսներից օգտվելու ներկա ու ապագա սերունդների իրավունքները:
Եվ վերջապես՝ չորրորդ. անել այնպես, որ մեր գործողությունները չհանգեցնեն զարգացող երկրների սոցիալ-տնտեսական հետընթացի:
Հայաստանը պատրաստ է ստանձնել ջերմոցային գազերի արտանետումների աճի սահմանափակման քանակական հանձնառություն»,-ասել է ՀՀ նախագահը:
Ամփոփելով ելույթը՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ կլիմայի փոփոխության մարտահրավերը, վերջին շրջանում բոլորին անհանգստացնող արդի համաշխարհային սպառնալիքները չեն ճանաչում ոչ ազգային սահմաններ, ոչ միջազգային իրավունք, ոչ քաղաքակրթության նորմեր: Նրա համոզմամբ, այսօրվա փոխկապակցված և գլոբալացված աշխարհում մեկ երկրի մարտահրավերը հավաքական առումով բոլորի մարտահրավերն է: Հետևաբար` լուծումները պետք է լինեն համապարփակ, համաձայնեցված և համադրված: ՀՀ նախագահը անհրաժեշտ է համարել վերաիմաստավորել համաշխարհային համակեցության հիմքերը՝ կատարելագործելով եղած գործիքակազմը: Կլիմայի փոփոխության մարտահրավերներին համատեղ արձագանքը, հաջողության դեպքում, ըստ Սերժ Սարգսյանի, կարող է դառնալ նոր տեսակի համատեղ ջանքի նախադեպը:

Դիտվել է՝ 943

Մեկնաբանություններ